Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ: Թվարկի’ր քո շրջապատում գտնվող բնական և արհեստական տասական մարմինների անուններ:

Մարմինները կազմված են նյութերից: Ձմռանը մեր տների ապակի­ները զարդարող եղյամը մարմին է, որը կազմված է ջրից: Ջուրն արդեն նյութ է: Մարմինները բաղկացած են տարբեր  նյութերից: Մեր մարմինը, օրինակ, բաղկացած է ջրից, ճարպերից, սպիտակուցներից, ածխաջրերից և այլ նյութերից: Բազմազան նյութերից են պատրաստված մեր բնակարանները, տանն օգտագործվող տարբեր սարքավորումները (արհեստական մարմիններ):

Նյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Ցանկացած պինդ մարմին ունի որոշակի ձև: Օրինակ՝ տուֆի որմնաքարը  ունի խորանարդի ձև, իսկ ձյան փաթիլը նման է կենտրոնից ճառագայթաձև ձգվող, կանոնավոր դասավորված սառցե բյուրեղների:

Հեղուկները և գազերը որո­շակի ձև չունեն: Հեղուկը ընդու­նում է այն անոթի ձևը, որի մեջ լցված է:

Խոհանոցում, գազօջախը մի­ացնելիս, զգում ես բնական գազի սուր հոտը: Դա նրանից է, որ գազերն ընդհանրապես շատ արագ են տարածվում: Եթե նույնիսկ շատ կարճ ժամանակ գազի փականը բաց է մնում, ապա խոհանոցն անմի­ջապես լցվում է գազով: Այն մենք զգում ենք իր սուր հոտի շնորհիվ: Գիտնականները պարզել են, որ բոլոր նյութերը կազմված են շատ փոքրիկ, աչքի համար անտեսանելի մասնիկներից: Դրանում համոզ­վելու համար կատարենք փորձ:

Վերցնենք մեկ նյութից կազմված որևէ մարմին, օրինակ՝ շաքարի կտոր: Այնուհետև այն գցենք տաք ջրով լցված ապակե բաժակի մեջ և գդալով խառնենք: Սկզբում շաքարը բաժակի մեջ լավ երևում է, բայց խառնելու ընթացքում այն աստիճանաբար դառնում է անտեսանելի: Դրանից հետո փորձենք ջրի համը և կզգանք, որ այն քաղցր է: Դա նշանակում է, որ շաքարը չի անհետացել, այն մնացել է բաժակում: Սակայն ինչո՞ւ շաքարի կտորը չի երևում: Այն բաժանվել է մանրագույն մասնիկների, այսինքն՝ լուծվելով խառնվել է ջրի մասնիկների հետ: Այս փորձը ապացուցում է, որ նյութերը և դրանցից բաղկացած մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից: Ցանկացած նյութ կազմված է յուրահատուկ մասնիկներից, որոնք ձևով և չափերով տարբերվում են այլ նյութերի մասնիկներից:

Մեզ սնող հողը

Երկրի ցամաքային տարածությունները ծածկված են փխրուն շերտով, որն անվանում են հող: Հող չկա միայն ցամաքի սառցածածկ տարածքների և ժայռերի վրա:

Հողը Երկրի վրա գոյանում է շատ դանդաղ, հազարավոր ու միլիո­նավոր տարիների ընթացքում: Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում:

Ցամաքը կազմող ապարները Արեգակի ճառագայթների, քամու, անձրևի, ձյան ազդեցությունից տաքանալով ու սառչելով, քայքայվում են. ապարների խոշոր կտորները վերածվում են մանր կտորների, իսկ մանրերը` կավի և ավազի: Սակայն դա դեռևս հող չէ: Որպեսզի այն դառ­նա հող, անհրաժեշտ է, որ այդ քայքայված նյութերին ավելանա հումուս: Իսկ հումուսն առաջանում է մահացած բույսերի ու կենդանիների մնա­ցորդներից:

Քայքայված ապարի ու հումուսի միախառնումից գոյանում է հողը: Բույսերի սերմերը, ընկնելով հողի մեջ, ծլում են, աճում, և մարդը բերք ու բարիք է ստանում: Իսկ լերկ քարի մակերեսին սերմը չի կարող ծլել:Հողի ամենակարևոր հատկությունն այն է, որ այնտեղ աճում են բույսերը:

Հողում միշտ կան նաև շատ մանր օրգանիզմներ, որոնց անվանում են մանրէներ: Հենց դրանց միջոցով են քայքայվում բույսերի և կենդանի­ների մնացորդները և վերածվում հումուսի: Հողում ապրում են նաև որդեր, միջատներ, խլուրդներ և մկներ։ Հողի մեջ մեջ միշտ ջուր և օդ կա։ Բույսերի աճի համար դա շատ կարևոր է։
Հողի կազմից կախված են նրա փխրունությունը և ջուրը պահելու հատկությունը: Օրինակ, եթե ավազը հողի մեջ շատ է, ապա այդպիսի հողում ջուրը արագ ներծծվում է և հեռանում գետնի խորքերը: Եթե հողում կավն է շատ, ապա այնտեղ ջուրը դանդաղ է ներծծվում, այդ պատճառով կավով հարուստ հողերը շատ ջուր են պարունակում:
Շատ հումուս պարունակող հողերը փուխր են լինում և կարողանում են իրենց մեջ ջուր և օդ պահել:
Հողի բաղադրությունից կախված է նաև նրա գույնը: Լինում են տարբեր գույնի հողեր: Որքան հողում հումուսը շատ է, այնքան դրա գույնը մուգ է: Ամենից շատ հումուս պարունակում են սևահողերը: Մարդիկ վաղուց իրենց կարիքները բավարարելու համար մշակում են հողը: Իսկ ի՞նչ է նշանակում դա:

Հողը մշակել նշանակում է ճիշտ ժամանակին վարել, փխրեցնել, ջրել, մանրացնել կոշտերը, անհրաժեշտության դեպքում` պա­րարտացնել, մշակաբույսերի սերմեր ցանել և բերք ստանալ:

Մշակելով հողը` մարդիկ պետք է հոգ տանեն նաև դրա պահպանու­թյան մասին, հողը վարել ճիշտ ժամանակին, պարարտացնել, աճեցնել խիտ արմատներ ունեցող բույսեր, դաշտերի շուրջը ստեղծել անտառաշերտեր:

Հարցեր և առաջադրանքներ`

1. Ի՞նչ է հումուսը։
Հումուսը արաջանում է մահացած բույսերի և կենդանիների մնացորդներից։

2. Ի՞նչ է հողը և ի՞ նչ նշանակություն ունի մարդու համար։
Հողը այն փխրուն շերտն է, որով ծածկված են երկրի ցամաքային տարածություններ

3.Որոնք են համարվում ամենալավ հողերը։
Ամենալավ հողերը սևահողերն են, քանի որ նրանց մեջ հումուսը շատ է։

Ի՞նչ է մանրէն և ինչ նշանակություն ունի։
Մանրէները հողում առակա շատ մանր օրգանիզմներն են։
Մանրէների միջոցով մահացած բույսերը և կենդանիները քայքայվում են և դառնում հումուս։

«Գունավոր»

Հետաքրքիր զուգադիպությամբ օվկիանոսներից յուրաքանչյուրն իր կազմում ունի մեկական «գունավոր» ծով:

Սև ծովը Ատլանտյան օվկիանոսի մասն է: Այն գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև: Սև ծովը հնագույն ժամանակներից եղել է ծովագնա­ցության և առևտրի բանուկ ճանապարհ: Ծովի անվան առաջացման պատմությունը մեզ հասցնում է Հին Հունաստան: Հույները ներկայիս Սև ծովն անվանում էին Աքինյան Պոնտոս («Անհյուրընկալ ծով») կամ Պոնտոս Սելաս («Սև ծով»)՝ նկա+տի ունենալով նրա փոթորկոտ ալիքների պատճառած վնասները, նավաբեկումները:

Ծովի խորը ջրային զանգվածում կուտակված են թունավոր նյութեր, այդ պատճառով էլ ամբողջ օրգանական աշխարհը գտնվում է ջրի վերին՝ 150-200մ խորության շերտում:

Սպիտակ ծովը հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի մասը կազմող ծով է: Ծովն այդպես է կոչվել, որովհետև տարվա մեծ մասը ծածկված է ձյունով ու սառույցով: Տարվա կեսը սպիտակ է սառույցից ու ձյունից, մյուս կեսն էլ բուքն ու ձյունն են իշխում, հաճախակի են մառախուղները, երկնքի սպիտակ գույնն էլ արտացոլվում է ջրերում և ավելի հաստա­տում ծովի անունը:

Կարմիր ծովը գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Աֆրիկայի և Արաբական թերակղզու մի­ջև: Կարմիր ծովն աշխարհի ամե­նատաք և ամենաաղի ծովն է: Նրա 1 լիտր ջուրը պարունակում է 42 գրամ աղ: Ծովի բուսական սւշխարհն աղքատ է, սակայն առա­տորեն աճում են կարմրավուն ջրի­մուռները, որոնք էլ կարմիր գույն են տալիս: Դրա համար էլ հին աշխարհում փյունիկցիները ծովը Կարմիր են անվանել, որը պահպանվել է մինչև մեր օրերը: Ծովում շատ են դելֆինները և ծովային հսկա կրիաները:

Դեղին ծովը Խաղաղ օվկիանոսի մասն է կազմում: Այն գտնվում է Չինաստանի և Կորեայի միջև: Սրա անվանման պատճառը նրա առափնյա մասի ջրերի մուգ դեղնավուն գույնն է, որը հետևանք է չինացիների մայր գետի՝ Խուանհեի բերած դեղին գույնի առատ տիղմի: Չինացիները այս անվանումը կապում են էին Չինաստանում կայսրու­թյան խորհրդանիշ համարվող դեղին գույնի հետ:

🖋🖋🖋🖋
Skip to toolbar