Մայրենի

Տուն վերադառնալու ճանապարհին Յուլիսիսը կանգ առավ դիտելու, թե ինչպես է մյուս հարևանը ամբար շինում։ Այդ մարդը շատ բարձրահասակ էր, նյարդային և անհամբեր. նա չպետք է ձեռնարկեր այդպիսի աշխատանք։ Նա կատաղությամբ էր աշխատում, ամեն տեսակ սխալներ թույլ տալիս, Յուլիսիսը դիտում էր նրան ու ոչինչ չէր հասկանում։

Յուլիսիսը Սանթա Կլարա պողոտա վերադարձավ ճիշտ այն ժամանակ, երբ միստր Արենան հեծանիվով աշխատանքի էր գնում։ Մերի Արենան դռնից ձեռքով հրաժեշտ տվեց հորը և տուն մտավ։

Շաբաթ էր, Իթաքայի դպրոցականների ամենասիրելի օրը։ Փոքր- ինչ հեռու գտնվող մի տնից դուրս եկավ ութ֊ինը տարեկան մի տղա։ Յուլիսիսը ձեռքով ողջունեց այդ տղային և տղան պատասխանեց։ Այդ տղան Լայոնել Քեբոտն էր, որին թեև հարևանները հիմար էին համարում, սակայն մարդկային մի մեծ էակ էր, հավատարիմ, բարի և վեհանձն։ Մի պահ հետո Լայոնելը նորից նայեց Յուլիսիսին և, չիմանալով անելիքը, դարձյալ ձեռքով ողջունեց։ Յուլիսիսը պատասխանեց։ Այսպես այդ փոխադարձ ողջույնը շարունակվեց կանոնավոր ընդմիջումներով, մինչև որ Արայի մթերային խանութի կողքի տնից դուրս եկավ Օգյուստ Գոթլիբը։

Advertisementsabout:blankREPORT THIS AD

Օգին թաղի երեխաների առաջնորդն էր դարձել այն օրվանից, ինչ Հոմեր Մաքոլին, տասներկու տարեկան դառնալով, հրաժարվել էր այդ դիրքից։ Նոր առաջնորդը նայեց շուրջը, տեսնելու համար, թե հետևորդներից ովքեր են ներկա։ Նա արհամարհեց Լայոնելին՝ իբրև հիմարի և Յուլիսիսին՝ իբրև փոքրի, սակայն ողջունեց երկուսին էլ։ Ապա գնաց փողոցի կենտրոնը և սուլեց՝ լրագրավաճառ տղաներին հատուկ ոճով։ Դա մի զիլ սուլոց էր շատ հեղինակավոր, խիստ հրամայական ու անպայմանորեն վճռական։ Օգին սպասեց այն մարդու վստահությամբ, որը գիտե, թե ինչ է անում և ինչ արդյունքի պիտի հասնի։ Անմիջապես լուսամուտներ բացվեցին և պատասխան սուլոցներ լսվեցին։ Շուտով մի խումբ երեխաներ վազելով եկան փողոցի անկյունը։ Մի քանի րոպեում խումբը հավաքված էր։ Օգի Գոթլիբը՝ առաջնորդը, Նիքի Փալոդան, Ալֆ Ռայֆը և Շեկ Մանուկյանը։

— Ո՞ւր եք գնում, Օգի,— ասաց Նիքին։

— Գնում ենք տեսնելու, թե Հենդերսոնի ծիրանները հասե՞լ են,— ասաց Օգին։

— Ես կարո՞ղ եմ գալ, Օգի,— հարցրեց Լայոնելը։

— Արի, Լայոնել,— ասաց Օգին,— եթե հասած լինեն, մի քիչ կգողանա՞ս։

— Գողանալը մեղք է,— ասաց Լայոնելը։

— Ճիշտ է, բայց դա չի վերաբերում ծիրաններին,— հանդիսավոր ասաց Օգին,— իսկ դու, Յուլիսիս,— ասաց նա,— գնա տուն։ Սա փոքր տղաների գործը չէ։ Վտանգավոր է։

Յուլիսիսը երեք քայլ հեռացավ, կանգնեց և դիտեց։ Նա վիրավորված չէր Օգիի հրամաններից։ Նա հասկանում էր օրենքը։ Նա պարզապես դեռ պետք եղածին չափ մեծ չէր։ Նա թեև ուզում էր հարգել օրենքը, բայց չէր կարողանում դիմանալ խմբի մեջ լինելու ցանկությանը։

  • Քո կարծիքով Օգին ինչո՞ւ էր կարծում, որ ծիրան գողանալը մեղք չէ:
    Նա կարծում էր, որ դա մեղք չէ, որովհետև Օգին շատ սոված էր։
  • Տեքստից առանձնացրու մարդու անուն նշանակող բոլոր բառերը, ինչպե՞ս են դրանք գրվում: Էլ ո՞ր բառերն են գրվում այդպես:
    Օգյուստ, Օգի, Յուլիսիս, Մերի, Լայոնել, Հոմեր, Նիքի, Ալֆ, Շեկ։
  • Քո կարծիքով ինչպիսի՞ առաջնորդ էր Օգին, խոսքերդ հիմնավորիր:
    Օգին առաջնորդ էր, ինքնավստահ էր և վճռական։
  • Ինչո՞ւ էր հեղինակը Լայոնելին համարում մարդկային մեծ էակ, եթե հարևանների կարծիքով նա հիմար էր:

Հեղինակը Լայոնելին համարում էր մարդկային մեծ էակ, քանի որ նա հավատարիմ էր, բարի և վեհանձն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar